Հայոց պատմություն

Երիտթուրքերի հեղաշրջում

Օսմանյան կայսրությունը տնտեսական և քաղաքական ճգնաժամ էր ապրում: Ուժեղացել էին հպատակ ժողովուրդների ազատագրական շարժումները: Թուրքական հասարակությունում առաջացել էին ուժեր, որոնք ցանկանում էին երկիրը դուրս բերել ծանր կացությունից և ամեն գնով պահպանել կայսրությունը: 1889թ. կազմակերպված «Իթթիհատ վե թերաքքի» («Միություն և առաջադիմություն») կուսակցությունը գլխավորում է հակասուլթանական շարժումը:

1907թ. դեկտեմբերին Փարիզում երիտթուրքական և դաշնակցական կուսակցությունները, արաբական, հրեական, ապա մակեդոնական կոմիտեները համաձայնության եկան համատեղ ջանքերով համիդյան վարչակարգը տապալելու և Թուրքիայում սահմանադրական կարգեր հաստատելու համար:

1908թ. հուլիսին, Մակեդոնիայում սպաներ Նիազի և Էնվեր բեյերի գլխավորությամբ զորքերն ապստամբում են: Կարճ ժամանակում Թուրքիայում տեղի է ունենում պետական հեղաշրջում: Երկրում հաստատվում են սահմանադրական կարգեր, որտեղ վճռական դեր էին խաղում երիտթուրքերը:

Համիդյան բռնակալության տապալումը մեծ խանդավառություն առաջացրեց կայսրության բոլոր ժողովուրդների, այդ թվում նաև հայերի մեջ: Հայերի մեծ մասը հավատաց երիտթուրքերի խոստումներին, կարծելով, թե վերջ կտրվի իրենց տառապանքներին: Երիտթուրքերը, սակայն, հրաժարվում են իրենց խոստումներից: Նրանք որդեգրում են օսմանիզմի քաղաքականությունը, որը Օսմանյան կայսրությունը հռչակում էր այնտեղ բնակվող ժողովուրդների հայրենիք: Իրականում այդ քաղաքականությունը նպատակ ուներ թուրքացնել բոլոր ոչ թուրք ժողովուրդներին: Հանդիպելով նրանց դիմադրությանը՝ երիտթուրքերի ծրագիրն անհաջողության է մատնվում: Ավելի ուշ նրանք առաջ են քաշում պանիսլամիզմի և պանթուրքիզմի ծրագիրը: Առաջինը նպատակ ուներ Թուրքիայի շուրջը համախմբել մահմեդականներով բնակեցված երկրները և տարածքները, իսկ երկրորդը՝ համախմբել թուրքալեզու ժողովուրդներին: Երիտթուրքերն իրենց առջև խնդիր են դնում բռնի ձուլման միջոցով թուրքացնել կայսրության ոչ թուրք բնակչությանը: Իր կողմից, Աբդուլ Համիդ II-ը գաղտնի նախապատրաստություններ էր տեսնում վերականգնելու սուլթանական բացարձակ միապետությունը:

1909թ. մարտի 31-ին նա հեղաշրջում կազմակերպեց: Սակայն կառավարությանը հավատարիմ զորքերը վերականգնում են երիտթուրքերի իշխանությունը: Սուլթանը գահընկեց արվեց: Երիտթուրքերը գահ են բարձրացնում նրա եղբորը՝ Մահմեդ V-ին:





Սասունի ինքնապաշտպանությունը

Օսմանյան իշխանությունները, տակավին 1894թ. չկարողանալով ընկճել սասունցիների դիմադրությունը, վճռում են նոր արշավանք կազմակերպել: Դրանով նրանք ձգտում էին վերացնել արևմտահայության ազատագրական կարևոր կենտրոններից մեկը:

Այդ ծրագիրն իրականացնելու համար իշխանությունները 1902-1904թթ. ընթացքում սկսում են զորամասեր տեղափոխել Մշո դաշտ և Սասուն: Զորքերի թիվը հասցվում է 10 հազարի: Նրանց են միանում շրջակա քրդական մի քանի ցեղեր: Կառավարության նախապատրաստություններն աննկատ չեն մնում սասունցիներից: Նրանք ևս դիմում են նախազգուշական միջոցների: Հայ ազգային կուսակցությունները, անհանգստացած Արևմտյան Հայաստանից եկող տագնապալի լուրերից, որոշում են օգնություն ուղարկել Սասուն: 1902-1904թթ. Դաշնակցություն և Հնչակյան կուսակցությունները կազմակերպում են հայդուկային և զինատար խմբերի անցումը Արևմտյան Հայաստան:

Հ. Յ. Դաշնակցության հանձնարարությամբ Մենակը (Եգոր Առուստամյան) 1903թ. հետախուզեց Սասուն օգնություն հասցնելու ճանապարհները: Նույն թվականի գարնանը ռուս-թուրքական սահմանն անցան դաշնակցական մի քանի ջոկատներ: Նրանցից միայն Թորգոմի (Թուման Թումյանց) 23 հոգուց բաղկացած հեծելաջոկատին հաջողվեց հասնել Սասուն: Նրանց հայտնվելը մեծ ոգևորություն առաջացրեց: Սակայն հայ ազգային կուսակցություններին չի հաջողվում անհրաժեշտ օգնությունը հասցնել Սասուն: Գրեթե բոլոր խմբերը, ճանապարհին մարտի բռնվելով ռուս սահմանապահների, թուրքական զորքի և քրդական ջոկատների հետ, չեն հասնում իրենց նպատակին: Չի հաջողվում Սասուն ուղարկել նախատեսված օգնությունը:

1903թ. աշնանը Սասունի Գելիեգուզան գյուղում տեղի ունեցավ ինքնապաշտպանության կազմակերպիչների և . մի շարք գյուղերի ավագների ու քահանաների ժողով: Ընտրվեց զինվորական խորհուրդ: Նրա անդամներն էին Անդրանիկը, Սեպուհը (Արշակ Ներսիսյան), Կայծակ Առաքելը (Տիգրան Աբաջյան), Սեբաստացի Մուրադը, Սմբատը և ուրիշներ: Ինքնապաշտպանության ղեկավար ընտրվեց Անդրանիկը:

Զինվորական խորհուրդը մեծ զգուշությամբ, կառավարությունից գաղտնի, նախապատրաստվում է դիմադրությանը: Միաժամանակ քայլեր էին ձեռնարկվում, որպեսզի հարկադրեն սուլթանին հրաժարվել Սասունի վրա արշավելուց:

Թուրքական կառավարությունը հայերի դեմ ուղարկում է թնդանոթներով և գնդացիրներով զինված 10 հազար զինվոր: Նրանց էին միացել 5 հազար զինված քրդեր: Թշնամուն դիմագրավում էին 200 հայդուկ և 1000 սասունցիներ: Նրանք պաշտպանում էին տեղի 12 հազարի հասնող բնակչությանը:

1904թ. ապրիլի 1-ին սկսվում է Սասունի վրա օսմանյան ուժերի հարձակումը հյուսիսից և հարավից: Նրանց դիմագրավում էին Հրայրի և Գևորգ Չաուշի ուժերը: Հայ ինքնապաշտպանները նահանջում են Տալվորիկ: Ապրիլի 6-ին թուրքերն անցնում են լայնածավալ հարձակման: Հրայրն իր մարտիկներով կարողանում է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը: Թուրքերը, սակայն, լրացուցիչ ուժեր են կենտրոնացնում և հրետանու կրակի ներքո անցնում են հարձակման: Չկարողանալով դիմագրավել թշնամուն՝ Հրայրը մի քանի գյուղերի բնակչության հետ նահանջում է Գելիեգուզան, որի ժամանակ էլ սպանվում է: Զոհվեց հայ ազատագրական պայքարի ամենապայծառ ռահվիրաներից մեկը: Հրայրին թաղում են Աղբյուր Սերոբի կողքին, Գելիեգուզան գյուղում:

Սասունցիներին հաջողվում է կանգնեցնել հակառակորդի հարձակումը: Նրանք հարկադրում են թուրքերին նահանջել մինչև Շենիկ:

Ապրիլի 15-ին օսմանյան հրամանատարությունը նախաձեռնում է նոր հարձակում: Հայերը ստիպված էին դիմագրավել 20 անգամ գերազանցող ուժերին: Հակառակորդին հաջողվում է ծանր մարտերով մոտենալ Գելիեգուզանին: Սասունցիների ինքնապաշտպանության վերջին օջախը պաշտպանում էին Անդրանիկի գլխավորած մարտիկները: Ի վերջո զգացվում է զինամթերքի պակասը, և ինքնապաշտպանները ստիպված են լինում տեղի տալ: Ապրիլի 22-ին թուրքական զորքերը գրավում են Գելիեգուզանը: Ինքնապաշտպանները 10 օր շարունակ անհավասար մարտեր են մղում՝ ապահովելով խաղաղ բնակչության նահանջը Մշո դաշտի հայկական գյուղերը:

Դիմադրական կռիվները շարունակվում են մինչև 1904թ. հուլիսի կեսերը: Հայերը շարունակում են մի շարք հաղթանակներ տանել: Ուժերը, սակայն, անհավասար էին: Թուրքական բանակին և քրդական ջոկատներին հաջողվում է ճնշել հայերի ինքնապաշտպանությունը: 1904թ. Սասունի ինքնապաշտպանությունն ավարտվում է հայերի պարտությամբ:

Օսմանյան իշխանությունները փորձում են սասունցիներին վերաբնակեցնել Մշո դաշտում: Լեռնականները, սակայն, ոչ միայն մերժեցին կատարել նրանց պահանջը, այլև սպառնացին կրկին զենքի դիմել: Ի վերջո, իշխանությունները հարկադրված էին տեղի տալ և թույլատրել սասունցիներին վերադառնալ:

Սասունում հայերն ունեցան շուրջ 7 հազար սպանված: Ավերվեց և թալանվեց 42 գյուղ:

Ինքնապաշտպանության ընթացքում Եվրոպայի տերություններին ուղղված օգնության դիմումներն ու խնդրագրերը մնացին անպատասխան: Նրանք, ելնելով իրենց շահերից, ուղղակի և անուղղակի օժանդակում էին Աբդուլ Համիդ II-ին: Ռուսաստանը, պատերազմի մեջ լինելով Ճապոնիայի հետ, չէր ցանկանում լարել հարաբերությունները Թուրքիայի հետ և բացասաբար էր վերաբերվում հայ ազատագրական շարժումներին:

Երկդիմի քաղաքականություն էր վարում Մեծ Բրիտանիայի կառավարությունը: Իմանալով զինատար և հայդուկային խմբեր Սասուն ուղարկելու մասին, անգլիացիները այդ մասին տեղյակ են պահում թուրքերին:

Ֆրանսիան, Գերմանիան և Ավստրո-Հունգարիան ևս սուլթանին սաստելու որևէ քայլ չկատարեցին:

Սասունի դեպքերով չեն վերջանում թուրքական բռնությունները: Սուլթանական զորքերը ավերիչ արշավանքներ են կազմակերպում Մշո դաշտի հայկական գյուղերի վրա: Դիմադրելով ջարդարարներին և հայ բնակչությանը թուրքական նոր սադրանքներից զերծ պահելու համար, հայդուկային խմբերի զգալի մասը որոշում է աստիճանաբար հեռանալ Արևմտյան Հայաստանից: Գևորգ Չաուշն իր կողմնակիցներով մնում է երկրում: 1905-1907թթ. ընթացքում Գ. Չաուշը պայքարում է թուրք և քուրդ հարստահարողների դեմ: Օսմանյան իշխանությունները գերագույն ճիգեր են գործադրում խիզախ հայդուկի հետ հաշվեհարդար տեսնելու համար: 1907թ. մայիսին Սուլուխ գյուղի մոտ նա ծանր վիրավորվում է և կնքում իր մահկանացուն։





Առաքելոց վանքի կռիվը

1890-ական թթ. սուլթան Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած հայերի զանգվածային ջարդերից հետո թվում էր, թե արևմտահայությունն ի վիճակի չէ դիմադրել օսմանյան բռնապետությանը և համակերպվէլ է իր դրության հետ: Սակայն արևմտահայությանը չէր լքել ազատագրվելու գաղափարը: Երկյուղելով նոր ելույթներից, թուրքական կառավարությունը միջոցների է դիմում արգելելու ազատագրական շարժումները: Այդ նպատակով օսմանյան իշխանությունները Կովկասից ստվար թվով մահմեդական ժողովուրդների են բնակեցնում Արևմտյան Հայաստանում:

Հայ բնակչությանը մնում էր միայն իր իրավունքները պաշտպանել զինված պայքարի միջոցով: Զոհված հայդուկներին փոխարինելու են գալիս նորերը: Օսմանյան բռնապետության դեմ ուղղված շարժումը շարունակում էին ղեկավարել ազգային կուսակցությունները՝ հատկապես Դաշնակցությունը: Աղբյուր Սերոբի սպանությունից հետո արևմտահայության ինքնապաշտպանության գործի կազմակերպումը Տարոնում գլխավորում են Անդրանիկն ու Հրայրը:

Ժողովրդի մարտական ոգին բարձրացնելու նպատակով Անդրանիկը 37 հայդուկների հետ որոշում է ամրանալ Մուշ քաղաքից ոչ հեռու գտնվող Առաքելոց վանքում: Նման բացահայտ մարտահրավերով Անդրանիկը և Գևորգ Չաուշը ապացուցում էին, որ պայքարը շարունակվում է:

1901թ. նոյեմբերի 3-ին հայդուկները հասնում են Առաքելոց վանք: Նրանց են միանում երկու տասնյակ զինված գյուղացիներ: Միացյալ ուժերով նրանք ձեռնամուխ են լինում վանքի ամրացման աշխատանքներին:

Օսմանյան իշխանությունները, տեղեկանալով այդ մասին, զորք են ուղարկում վանքում ամրացած հայդուկներին պատժելու համար: Թուրք զինվորները և նրանց միացած մահմեդական զինված ջոկատները վանքն ամուր օղակում են: Եկուստեք փոխհրաձգություն է սկսվում: Չնայած կառավարական ուժերի թվային մեծ գերակշռությանը, նրանց չի հաջողվում գրավել վանքը: Բազմաթիվ թուրք զինվորներ են ընկնում վանքը գրոհելիս:

Տեսնելով, որ զենքի ուժով հնարավոր չէ ընկճել հայերին, թուրքական հրամանատարությունը դիմում է բանակցությունների` առաջարկելով նրանց ներկայացնել իրենց պահանջները:

Առաքելոց վանք մտած կառավարական պատվիրակությանը Անդրանիկը ներկայացնում է իրենց պահանջները: Դրանք էին՝ ներում շնորհել քաղաքական բանտարկյալներին, տասանորդ տուրքի հավաքումը կատարել հայ գյուղացիների միջոցով, քրդերի զավթած գյուղերը վերադարձնել իրենց տերերին, զինաթափել հայկական բնակավայրերը ասպատակող քուրդ ելուզակներին և այլն:

Ներկայացված պահանջներից կատարվում է միայն առաջինը: Բանտից ազատ են արձակվում 31 հայ բանտարկյալներ: Սակայն պատվիրակության հեռանալուց հետո հակառակորդը վերսկսում է հրաձգությունը, և մարտը բորբոքվում է նոր թափով: Թուրքական անընդմեջ հարձակումներն ապարդյուն էին: Հակառակորդին չի հաջողվում ճեղքել հայերի պաշտպանությունը: Թուրքերի բանակատեղիում համաճարակ է բռնկվում: Հայերի դրությունը ևս ծանր էր, սպառվում էր զինամթերքը: Ուստի Անդրանիկն ու իր զինակիցները որոշում են ճեղքել պաշարումը: 1901թ. նոյեմբերի 27-ի ձյունածածկ գիշերը, քողարկվելով սպիտակ սավաններով, հայդուկները կարողանում են դուրս գալ վանքից և հեռանալ:

Առաքելոց վանքի կռիվը լայն արձագանք գտավ: Այն ցույց տվեց, որ համիդյան ջարդերը չեն կարողացել մարել արևմտահայության ազատատենչ ոգին: Սկսվում է հայկական ուժերի համախմբում: Արևմտյան Հայաստանում ինքնապաշտպանությունը կազմակերպելու նպատակով կազմվում է ղեկավար կենտրոն։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Իմ առաջին օրը

Արատես