Պատմություն

20.03.19

ՀՀ հռչակում: Բաթումի պայմանագիր

Ինչպես արդեն տեղյակ եք, 1918թ. ապրիլին Տրապիզոնում ընդհատված թուրք-անդրկովկասյան բանակցությունները մայիսի սկզբներին վերսկսվեցին Բաթումում։ Թուրքերն, արբեցած իրենց ռազմական հաջողություններով, ավելի կողոպտիչ պայմաններ ներկայացրին։ Նրանք մայիսի 26-ին վերջնագիր տվեցին անդրկովկասյան պատվիրակությանը։ Բայց քանի որ հենց նույն օրը Անդրկովկասյան Հանրապետությունը կազմալուծվեց, ուստի նորահռչակ հանրապետություններից յուրաքանչյուրն ինքը պետք է լուծեր Թուրքիայի հետ պատերազմի և խաղաղության հարցը։
Հենց Հայաստանի անկախության հռչակման օրը՝ մայիսի 28-ին, Հայոց Ազգային խորհուրդը որոշեց նոր պատվիրակություն ուղարկել Բաթում և հաշտություն կնքել թուրքերի հետ։ Նորանկախ Հայաստանի պատվիրակությունը գլխավորեց Ալ. Խատիսյանը։ Հարկ է նշել, որ չնայած Մայիսյան հերոսամարտերին, այդուհանդերձ, մահացու վտանգը արևելահայության գլխից լիովին չէր վերացել։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ էր հաշտություն կնքել և փոքր-ինչ դադար առնել։
Մայիսի վերջին սկսվեցին հայ-թուրքական բանակցությունները։ Հունիսի 4-ին կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և Օսմանյան թուրքիայի միջև։ Պայմանները չափազանց ծանր էին Հայաստանի համար։
Կնքված պայմանագրով հայ-թուրքական սահմանագիծը այնպես էր տարվում, որ երկիրը մասնատվում և չնչին տարածք էր թողնվում Հայաստանին։
Պայմանագրի համաձայն Հայաստանը ունենալու էր սահմանափակ թվով զորք։ Երկաթուղիների վերահսկողությունն անցնելու էր թուրքիային, որպեսզի կարողանա Հայաստանի վրայով զորք տեղափոխել Ադրբեջան։ Դրա նպատակն էր խորտակել Ստ. Շահումյանի գլխավորած Բաքվի կոմունան և տիրանալ Բաքվի նավթին։ Դրանից զատ Հայաստանը պարտավորվում էր կազմալուծել հայկական ազգային անկանոն զորախմբերը և այլն։
Այսպիսով, Բաթումի պայմանագրով թուրքիային էր անցնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի զգալի մասը՝ Կարսի մարզը և շուրջ 5 գավառ։ Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությանը փաստորեն մնում էր ընդամենը 12 հազ. քառ. կմ տարածք, որն ընդգրկում էր Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը։ Այս կապակցությամբ տեղին է հիշել գերմանացի մի դիվանագետի արտահայտած հետևյալ պատկերավոր խոսքերը. «Թուրքերը հայերին տեղ տվեցին Սևանում լողանալու համար, բայց դուրս գալու՝ չորանալու համար տեղ չտվեցին»։ Ընդհանուր հաշվով Թուրքիան Արևելյան Հայաստանից խլում էր 28 հազ. քառ. կմ տարածք։
Բայց մյուս կողմից, ճակատագրի հետևանքով, սա անկախ Հայաստանի առաջին միջազգային փաստաթուղթն է, որով թուրքիան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Ալ. Խատիսյանը, ամփոփելով հայ-թուրքական բանակցությունների արդյունքները, իր ուղարկած նամակում գրում էր. «Մենք կբերենք վատ հաշտության պայմանագիր, բայց կբերենք նաև անկախ Հայաստան, տուն, բույն, որտեղ կռվում է ժողովրդական միտքը։ Այս բոլորը կկապի, կմիավորի, կբարձրացնի ոգին, իսկ դա կարևոր է։ Ես հավատում եմ մեր պետությանը»։ Բաթումի պայմանագիրը, որը չի վավերացվել ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ թուրքիայի կառավարությունների կողմից, իր ուժը պահպանեց մինչև համաշխարհային պատերազմի ավարտը՝ 1918թ. նոյեմբերը։



Սառնաղբյուրի ճակատամարտը


Շիրակ աշխարհի գեղատեսիլ Սառնաղբյուր գյուղը (նախկինում` Սոգյութլու) Արագածին հենված մի գողտրիկ անկյուն է` հարուստ առեղծվածային ժայռապատկեր ներով և հոգևոր սրբություններով` եկեղեցիներով, վանքերով ու խաչքարերով: Գյուղի` կարծես ձեռքի ափի մեջ գտնվող հարթ տարածքները հարուստ են լեռնային բուսական աշխարհի բազմազանությամբ, իսկ գյուղը շրջափակող լեռներն աչքի են ընկնում վեհությամբ ու առնականությամբ: Ահա այս չնաշխարհիկ բնօրրանում են հաստատվել Մուշից, Ալաշկերտից, Խնուսից, Վանից և մեր կորուսյալ բնաշխարհի այլ վայրերից գաղթած հայրենակիցները, որոնք հաստատվելով Արագածի չքնաղ լանջին` շենացրել են նոր բնակատեղին` կարոտած աչքերը հառած իրենց ակունքին` հարազատ ծննդավայրին, և հավատալով գալիքին: Սակայն այստեղ էլ է նրանց հասել թուրքի վայրագ ձեռքը, բայց սառնաղբյուրցիները չեն արժանացել իրենց նախնիների դառը ճակատագրին, այլ տոկունությամբ մաքառելով վրեժխնդիր են եղել նրանց հանդեպ կատարված ոճրագործության համար: 1918 թ. մայիսյան օրերին սառնաղբյուրցիներն իրենց և հարևան գյուղի բնակիչների ու գաղթականների ուժերով ստեղծել են աշխարհազորային խմբեր և ուժեղ դիմադրություն ցույց տվել թուրքական կանոնավոր բանակին: Ճակատամարտը, որը տևել է յոթ օր ու գիշեր, 14 կմ երկարությամբ, հնարավորություն է տվել գյուղում կուտակված տասնյակ-հազարավոր մարդկանց փախչել Էջմիածին և խուսափել կոտորածից: Այն մեծապես նպաստել է Սարդարապատի ճակատամարտի փառավոր հաղթանակին: Այս նշանավոր իրադարձությանն է անդրադարձել Ռուդիկ Գևորգյանը (ում նախնիները գաղթել են Արևելյան Հայաստանից և բնակություն հաստատել Սոգյութլուում (Սառնաղբյուրում) իր «Ակունք» փաստավավերագրական ժողովածուում: Արխիվային փաստաթղթերով հաստատելով հոր և համագյուղացիների պատմածները, Ռ. Գևորգյանը կարողացել է վեր հանել հայ ժողովրդի մի փոքրիկ հատվածի մաքառումներով անցած ճանապարհը` 1918 թ. մայիսի 16-22¬ը գյուղում տեղի ունեցած հաղթական ճակամարտը իրավամբ դասելով Սարդարապատի, Բաշ¬Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի շարքին: Գրքում նկարագրվում են գյուղում խորհրդային կարգերի հաստատումից հետո անգրագիտության վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները, կոլեկտիվացման գործընթացում կամավորական սկզբունքների խախտման, 1937 թ. բռնությունների դեմ տարվող պայքարը, նաև Երևանում 1940 թ. երկրորդ կեսին կառուցապատման ուղղությամբ կատարվող բարեփոխումները: Ժողովածուում տեղ են գտել նաև Հայրենական մեծ պատերազմին, ետպատերազմյան տարիներին վերաբերող հուշերը: Նկարագրվում է նաև հեղինակի սերտ կապը իր գերդաստանի ակունքի` Սառնաղբյուրի հետ, նրա ջանքերով եկեղեցու վերակառուցման, Մեծ հայրենականում զոհվածների հուշարձանի կառուցման, գյուղի բարեկարգման և շատ ու շատ այլ աշխատանքների մասին:








Նապոլեոն Բոնապարտ


Նա պատմության մեջ ուրույն տեղ է գրավել՝ իր անունով կնքելով մի ողջ դարաշրջան: Նապոլեոն Բոնապարտը ծնվել է 1769թ. օգոստոսի 15-ին կորսիկացի ազնվական փաստաբանի ընտանիքում: 1784թ. ավարտել է Բրիենի ռազմական դպրոցը, 1784–1785թթ. սովորել է Փարիզի ռազմական դպրոցում:

Ծառայությունն սկսել է 1785թ. Վալանսում: Ռազմական բացառիկ ընդունակությունների շնորհիվ 8 տարում դարձել է գեներալ: Աչքի է ընկել Ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակ: 1793թ. խռովարար միապետականների տևականորեն պաշարած Տուլոնն ազատագրվել է նրա մշակած պլանով, որի համար 24-ամյա կապիտանն ստացել է բրիգադի գեներալի կոչում:
1802թ. Նապոլեոնը նշանակվել է կոնսուլ, իսկ 1804թ. թագադրվել կայսր՝ Նապոլեոն I անունով: Նապոլեոն I-ն ուժեղացրել է իր անձնական իշխանությունը, զուգահեռաբար բարեփոխումներ արել: 1800թ. հիմնադրել է Ֆրանսիական բանկն ու ստեղծել դրամական նոր միավոր՝ ֆրանկը, ընդունել օրենսգրքեր (կոդեքսներ):
Նապոլեոն I-ը միմյանց հետևից պարտության է մատնել եվրոպական երկրների ռազմաքաղաքական դաշինքներին: Նապոլեոնի նվաճումների շնորհիվ Ֆրանսիայի տիրապետության տակ են անցել Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի շատ պետություններ: Նապոլեոնի կայսրության կործանումն սկսվել է 1812թ. Ռուսաստանի հետ պատերազմում:
1814թ. նա աքսորվել է Էլբա կղզի, սակայն 1815թ. նորից զբաղեցրել է ֆրանսիական գահը: Վաթերլոոյի պարտությունից հետո (1815թ.-ի հունիսի 22-ին) Նապոլեոն I-ը վերջնականապես գահընկեց է արվել և աքսորվել Ատլանտյան օվկիանոսի Սբ. Հեղինե կղզի (որպես անգլիացիների գերի), որտեղ և 1821թ.-ի մայիսի 5-ին վախճանվել է: 1840թ. նրա աճյունը տեղափոխվել է Փարիզ և ամփոփվել Հաշմանդամների տանը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Իմ առաջին օրը

Արատես